Տարբեր արագություններով զարգացող Եվրոպայի կոնցեպտը կկործանի Եվրամիությունը. Սլովակիայի խորհրդարանի նախագահ
Տարբեր արագություններով զարգացող Եվրոպայի կոնցեպտը կարող է կործանել Եվրամիությունը, քանի որ երկրների միջև միասնության փոխարեն կավելանան տարբերությունները: Այդ մասին հայտարարել է Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Եվրահանձնաժողովը մարտի 1-ին նեկայացրել էր «Սպիտակ գիրքը», որում ցույց է տվել առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության Եվրամիության զարգացման հինգ հնարավոր սցենար, որոնք նախատեսում են նաև տարբեր արագություններով զարգացող Եվրոպայի կոնցեպտը:
«Արդեն իսկ տարբեր արագություններով զարգացող Եվրոպայի մասին առաջարկները մտավախություն են առաջացնում այն պետությունների մոտ, որոնք նախապես գիտեն, որ չեն կարողանա դիմանալ մեծ արագությանը: Սլովակիայի երջանկությունն այն է, որ մենք Վիշեգրադյան քառյակի երկրներից (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա) առաջինն ենք անցել եվրոյի, մենք նախապես շատ էինք պատրաստվել Շենգեն մտնելուն, մենք կարող ենք արագ արձագանքել ԵՄ-ի զարգացմանը: Բայց հասկանալի է, որ տարբեր արագություններով զարգացող Եվրոպան ԵՄ-ի բարեփոխմանը ոչնչով չի կարող օգնել»,- ասել է Դանկոն լրագրողներին:










