Դեռ չեմ դիմել ՄԻԵԴ, քանի որ գործընթացը դեռ պետք է Թուրքիայում ավարտվի․Փայլանը՝ իրեն խորհրդարանի նիստերին մասնակցելու իրավունքից զրկելու մասին

22:20 • 18.03.17

Դեռ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան չեմ դիմել, քանի որ գործընթացը դեռ պետք է Թուրքիայում ավարտվի․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով նախկինում արած իր հայտարարությանը, թե պատրաստվում է իրեն խորհրդարանում նիստերի մասնակցելու իրավունքից զրկելու համար դիմել միջազգային դատարան և բողոքարկել Անկարայի հանրապետական դատախազության վճիռը:

«Ես պետք է անձամբ գնայի Սահմանադրական դատարան: Դժբախտաբար նորից պետք է գնամ, և եթե  ինձ նորից մերժեն, արդեն կարող եմ դիմել Եվրոպական դատարան»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը հույս ունի, որ այս անգամ սահմանադրական դատարանը hօգուտ Թուրքիայի  խորհրդարանի որոշում չի կայացնի:

Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը: Փայլանը դիմել էր դատարան՝ նշելով, որ, այսպիսով, խախտվել է խոսքի ազատության իր իրավունքը: Մինչդեռ Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:

«Եթե այս անգամ էլ մերժի, ես արդեն կդիմեմ եվրոպական դատարան»,- ասաց նա՝ նշելով, որ դեռ պետք է սպասել մի որոշ ժամանակ, երբ սահմանադրական դատարանի որոշումը պարզ կլինի: