Հակառակորդին արժանի հակահարված տալու համար մեր երկիրը պիտի հզորանա, մենաշնորհները վերանան.Ռազմիկ Պետրոսյան (տեսանյութ)
Չես կարող ունենալ հզոր բանակ, եթե հզոր տնտեսություն չունես, հակառակորդին արժանի հակահարված տալու համար մեր երկիրը պիտի հզորանա, իշխանությունները պետք է փոխվեն, թալանողները պետք է հեռանան: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տարածքային ցուցակով Արագածոտնի մարզից առաջադրված, Ապարանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Եղանակի պատճառով բակային հանդիպումներ չկայացան, ընտրողների հետ թեկնածուն հանդիպեց նախընտրական շտաբում:
Ռազմիկ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ ընտրությունները պիտի դիտարկեն որպես ճակատամարտ: Նրա խոսքով ՝ազատամարտիկները ոգևորված են, որ մեծ թվով երիտասարդներ աջակցում են իրենց, քանի որ չեն ցանկանում հանդուրժել «ճորտի» կարգավիճակը:
«Այս ճակատամարտը պիտի հաղթենք, զենքերը վայր չդնենք: Երկիրը բառացիորեն կործանման եզրին է, այս ճակատամարտում ուզում եմ, որ մենք չհգոգնենք։ Հաղթանակած սերունդը ապրում է ստրուկի կարգավիճակում, կեղծ հերոսները, ովքեր պատերազմի ժամանակ կանանց փեշերի տակ էին, եկել հաղթանակին տեր են դարձել»,-շեշտեց նա:
Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ չկա մի ոլորտ, որտեղ կարող են արձանագրել, որ ձեռքբերումներ են եղել:
Աշտարակցիներից մեկը Ռազմիկ Պետրոսյանի ելույթից հետո հետաքրքրվեց՝ խնդիրների ինչպիսի՞ լուծում են տեսնում հատկապես տնտեսական ոլորտում: Ռազմիկ Պետրոսյանը արձագանքեց.
«Մեր երկիրը ծնկի է իջել մենաշնորհների պատճառով, տնտեսական մենաշնորհները կերան մեր երկիրը, պետք է վերացնել մենաշնորհը, ազատ շուկայական տնտեսությանը անցում կատարել, օրենսդիր դաշտում պետք է շտապ պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը, պետք է վերականգնել նախագահական համակարգ, որ մենք էլ իշխանության գանք, չկարողանանք որևէ ընտրություն կեղծել: Դրանից անմիջապես հետո ԱԺ-ն իր լիազորությունները վայր դնի ու համամասնական ընտրակարգով ընտրվի նորմալ խորհրդարան:
Բնակիչը Ռազմիկ Պետրոսյանից նաև հետաքրքրվեց ՝ ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը հայտնվել ընդդիմադիր դաշտում, բոլորովին վերջերս իշխանություն էր. « Ինչ էր, մի գիշերվա մեջ ինչ դարձավ»,-նկատեց բնակիչը: Ռազմիկ Պետրոսյանն արձագանքեց՝ այսօր էլ պատրաստ են ընդունել ցանկացածին, ով իշխանություններից կհեռանա և կփորձի պայքարել, իսկ Սեյրան Օհանյանի պարագան, ըստ նրա, այլ է:
«Յուրաքանչյուր ազատամարտիկ, յուրաքանչյուր մարդ, ով պատրաստ է եղել իր կյանքը դնել հայրենիքի , բանակի կայացման համար, ինքը չարիք լինել չի կարող, եթե հանցագործ չէ, եթե ժամանակի ընթացքում հանցագործություն կատարի, այս իշխանությունները գիտեն ոնց պահեն կալպակի տակ, նա ով կալպակի տակ է, չի կարող պոկվել, գալ, պայքարել իշխանության դեմ, ես Ապարանի քաղաքապետ եմ եղել, ով գնում է քաղաքապետարան ստուգումների, մինչև հիմա իմ աշխատած ժամանակահատվածն է ստուգում ու բան չի գտնում»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










