Նեթանյահուն ասել է՝ ինչու էին իսրայելական ինքնաթիռները մտել Սիրիա

09:45 • 18.03.17

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թիրախներ են խոցել Սիրիայում՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ձեռքը ժամանակակից զենքի ընկնելը կանխելու համար: Վարչապետի գրասենյակի հայտարարությունը տարածվել է ուրբաթ օրը, հայտնում է lenta.ru-ն:


«Մեր քաղաքականությունը հետևողական է. «Հեզբոլլահին» ժամանակակից զենքի փոխանցման փորձերը հայտնաբերելու դեպքում, և եթե ունենք հետախուզական տվյալներ, եթե ունենք օպերատիվ հնարավորություն, մենք աշխատանք ենք տանում իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար»,- ընդգծել է Նեթանյահուն:


«Դա այն է, ինչ տեղի է ունեցել, և դա այն է, ինչ տեղի է ունենալու»,- հավելել է վարչապետը:


Սիրիա իսրայելական ավիացիայի «արշավանքի» մասին հայտնի էր դարձել ուրբաթ առավոտյան: Դամասկոսում հայտարարել են, որ չորս իսրայելական ինքնաթիռ խախտել է Սիրիայի օդային սահմանը, այդ ինքնաթիռներից մեկը կործանվել է ՀՕՊ ուժերի կողմից: Զինվորականների պնդմամբ՝ ևս մի ինքնաթիռ վնասվել է:


Նշվում էր, որ իսրայելական ավիացիայի նպատակը Պալմիրայի շրջանում սիրիացի ուժայինների օբյեկտներն էին:


Իսրայելի պաշտպանության բանակում հայտարարել էին, որ ինքնաթիռները բազա են վերադարձել առանց կորուստների, իսկ սիրիական հրթիռներից առնվազն մեկը որսացել է իսրայելական հակահրթիռային համակարգը: