Սիրիական Ռաքքայի ազատագրման գործողությունը միջազգային կոալիցիայի կողմից կսկսվի ապրիլին. քրդական ուժերի հրամանատարություն
Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) գլխավոր հրամանատարներից Սիփան Հեմոն հայտարարել է, որ սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունը, որին պատրաստվում են մասնակցել նաև քրդերը՝ միջազգային կոալիցիայի հետ, կսկսվի ապրիլի սկզբին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ Հեմոն բրիտանացի լրագրողներին նաև հայտնել է, որ Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ուժերի շուրջ 25 տոկոսը կազմված կլինի հենց քրդական ջոկատներից:
Նշենք, որ քրդական խմբավորման կողմից արված այս հայտարարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել ԱՄՆ Պենտագոնի կողմից:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից սիրիական Ռաքքա շրջանի ազատագրմանն ուղղված գործողությունը միջազգային կոալիցիոն ուժերը նախընտրում են վարել Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների հետ համագործակցությամբ: Յըլդըրըմը հայտնել է, որ իրենց դաշնակիցներն իրենց դուրս են թողել այդ գործողությունից:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։










