Ազատության հրապարակում Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին նվիրված հավաքը շարունակվեց երթով
21.09
_________________________________
Երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ՝ քննարկելու հետագա քայլերը։
20.26
_________________________________
Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակի հավաքի մասնակիցները երթով հասան Հանրապետության Հրապարակ։ Ոստիկանությունը պարբերաբար կոչ է անում պահպանել հասարակական կարգը։
18.58
_________________________________
Հավաքի մասնակիցները ակցիան շարունակեցին երթով՝ Մաշտոցի պողոտայով՝ «Արթուր, Արթուր» վանկարկումներով։


18.43
_________________________________
Հարթակից ելույթ ունեցողները հայտարարեցին, որ Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը մերժվել է, և նա կհուղարկավորվի Շահումյանի գերեզմանատանը։ Հավաքի մասնակիցները դժգոհություն հայտնեցին այդ առիթով, ինչին ի պատասխան Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ դա Արթուր Սարգսյանի ընտանիքի ցանկությունն է։
18.33
_________________________________
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հայտարարեց, որ ձևավորվել է Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ։
18.28
_________________________________
Ազատության հրապարակում մեկնարկել է Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին նվիրված հավաքը:
Ակցիայի մասնակիցները պահանջում են պատժել Արթուր Սարգսյանի մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողներին, ինչպես նաև նրան հուղարկավորել «Եռաբլուր» պանթեոնում։
Արթուր Սարգսյանը մահացել էր մարտի 16-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում. արդեն 4-րդ օրն է, ինչ նրա հիշատակին հավաք է կազմակերպվում Երևան քաղաքում:
Նախորդ օրերին ցույցի մասնակիցները հավաքներից հետո նաև նստացույց էին կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում։










