Սիցիլիացի եպիսկոպոսն արգելել է մաֆիայի պարագլուխներին մկրտության կնքահայր դառնալ
Սիցիլիական Մոնրեալ քաղաքի եպիսկոպոս Միշել Պենիսին իր թեմի շրջանակում արգելել է մաֆիայի պարագլուխներին մկրտության ժամանակ կնքահոր դերում հանդես գալ:
«Մաֆիան միշտ էլ վերցրել է եկեղեցուց «կնքահայր» եզրույթն ու այն տվել իր պարագլուխներին՝ կրոնական տեսանկյունից նրանց առավել հարգարժան դարձնելու համար: Մինչդեռ իրականում այս 2 աշխարհներն միանգամայն անհամատեղելի են»,-ասել է հոգևորականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի վաղ եպիսկոպոսը քննադատել էր մի քահանայի, որը թույլ էր տվել Սիցիլիայի տխրահռչակ մաֆիոզներից մեկի որդուն մկրտության արարողության ժամանակ որպես կնքահայր հանդես գալ:
Հենց այդ միջադեպից հետո էլ Պենիսին որոշել է նման արգելք սահմանել:
Հայտնի է, որ տարիներ առաջ՝ 2008թ., Պենիսին բազմաթիվ մահվան սպառնալիքներ էր ստացել մաֆիայի պարագլուխներից՝ հանցագործների համար կրոնական ծիսակարգով հուղարկավորությունն արգելելու պատճառով:










