Աթեշյանը պետք է հարգի համայնքի ցանկությունը․ Կարո Փայլան

17:39 • 19.03.17

Ես և համայնքից շատերը Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին աջակցությունն ենք հայտնել  Գարեգին Բեկչյանին․ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց  Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

«Արամ սրբազանը պարտավոր է հարգել մեր ցանկությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Աթեշյանի հակառակորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Նամակում իշխանություններն իրավաբանորեն անհնար են համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Կարո Փայլանը պատմեց, որ ինքն անձամբ տեղապահի ընտրություններից հետո պատրիարքարանում կատարվողի վերաբերյալ խոսել է շատերի հետ, ներառյալ վարչապետի, նախարարների, նահանգապետի հետ, նրանց ասել, որ իրենք իրավունք չունեն միջամտելու տեղապահի ընտրություններին, արդեն արված գործընթացը իրավաբանական ուժ ունի: «Ես ասել եմ, որ Դուք չեք կարող կանգնեցնել ընտրությունները»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա ինքը սպասում է պատասխանի իշխանություններից:

Ըստ Կարո Փայլանի՝ եթե իշխանությունների կողմից համայնքի շահերից չբխող հայտարարություն լինի, ապա իրենք կդիմեմ այլ քայլերի: «Մենք չենք ընդունի նահանգապետարանից ուղարկված այդ գրությունը, կկանգնենք մեր վեհափառի կողքին և առաջ կտանենք ընտրություններ անցկացնելու գործընթացը»,- ասաց նա:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նաև նշեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսո պատրիարքի փոխանորդի պաշտոնին է ոչ համայնքի ցանկությամբ, այլ թուրքական իշխանություններն են նրան այդտեղ նշանակել։ Նա նաև հիշատակեց, որ Արամ Աթեշյանը պնդում է, որ ինքն է իշխանությունների կողմից ճանաչված փոխանորդը։ «Բայց տեղապահի ընտրությունները Գարեգին Բեկչյանի իրական հաղթանակն է»,- ասաց նա:

Կարո Փայլանի խոսքով՝ Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդի աթոռը ձգում է «իշխանություն ունենալու» պատճառով: «Թուրքիայի իշխանությունները միշտ էլ տարբեր ժամանակներում ունեցել են իրենց մարդիկ համայնքը կառավարելու համար: Բայց այդ մարդիկ չեն կարող ստիպել մեզ ընդունել Արամ Աթեշյանին այդ աթոռի վրա»,- ասաց նա:

Ստամբուլահայ պատգամավորը նաև նշեց, որ ինքը փորձում է քաջալերել հայ համայնքին և Գարեգին Բեկչյանին: «Մարդիկ փոքր-ինչ վախենում են: Բայց Աթեշյանը պետք է հարգի համայնքի ցանկությունը»,- ասաց նա: