Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու մեծ պոտենցիալ չունեն, անկախ նրանից՝ ինչ են հայտարարում գերտերությունները. Ռուբեն Մելքոնյան (տեսանյութ)
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է աջակցել, որ Անկարան և Երևանը նստեն բանակցությունների սեղանի շուրջ թուրքագետ, Ռուբեն Մելքոնյանը համարում է Ռուսաստանի քաղաքականության շարունակություն:
Tert.am-ի հետ զրույցում թուրքագետը նշեց. «Ռուսաստանը միշտ էլ, նաև «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ հայտարարել է, որ ինքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է, սահմանների բացման, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման կողմնակիցն է: Եվ այդ հայտարարությունը կարելի է դիտարկել որպես նախորդ հայտարարությունների վերահաստատում»:
Ռուբեն Մելքոնյանը նաև նկատեց, որ Լավրովի հայտարարության մյուս դրդապատճառն իր մեջ նորություն է պարունակում: «Ռուս-թուրքական հարաբերությունները ներկայումս գտնվում են շատ ավելի լավ վիճակում, ունեն շատ ավելի խորը համագործակցության եզրեր, և այդ համատեքստում, եթե Սիրիայում կարողանում են որոշակի խնդիրներ լուծել, միգուցե այդ համագործակցությունը հնարավորություն տա այլ տարածաշրջանների կամ այլ խնդիրների ևս անդրադառնալ,- ասաց նա՝ համարելով, որ Լավրովից եկած «մեսիջը» շատ հետաքրքրաշարժ է,- ռուս-թուրքական լավ հարաբերությունները կարող են նաև ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ հաշվի առնելով մի կողմից Ռուսաստանի հետ ունեցած մեր դաշնակցային հարաբերությունները, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ հիմա ձևավորված նրա հարաբերությունները»:
Ռուբեն Մելքոնյանը իրատեսորեն գնահատեց հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները․ «Հայ-թուրքական հարաբերություններն այս պահին և մոտ ապագայում շատ մեծ պոտենցիալ չունեն կարգավորվելու՝ անկախ տարբեր գերտերությունների հայտարարություններից»,- ասաց նա՝ որպես դրա պատճառ նշելով այն, որ Թուրքիան ունի ապակառուցողական դիրքորոշում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կապում է Արցախյան հիմնախնդրի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։










