Կոչ եմ անում ՀՀԿ-ի համար քվեարկել, եթե ցանկություն ունեք, որ Կարեն Կարապետյանը շարունակի վարչապետի պաշտոնում մնալ. Արա Բաբլոյան
Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Քանաքեռ-Զեյթունում էր: Հանդիպման բացման խոսքը սկսեց պատգամավորության թեկնածու, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը, ով դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց, թե ափսոս՝ շուտ չեկավ Հայաստան, որպեսզի «ստաժը հերիքեր»:
Միաժամանակ նա հավելեց, թե կարևորը պաշտոնը չէ, կարևորը պատասխանատվությունն է, որ մարդը վերցնում է իր վրա: «Դուք Ձեր վրա եք վերցել լուրջ պատասխանատվություն»,-ասաց նա:
Այնուհետ Բաբլոյանը նշեց, որ իրենց ծրագիրն իրատեսական է, զուտ խոստումներ չեն, ինչպես շատերինն է: Նա նշեց, որ չնայած շատերը խուսափում են կոչ անել, բայց ինքը կոչ է անում ՀՀԿ-ի համար քվեարկել, եթե ցանկություն ունեն, որ հենց Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում ապրիլի 2-ից հետո:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ն ևս իր նախընտրական ծրագիրը ներկայացնում է, ինչպես մյուս քաղաքական ուժերը, սակայն տարբերությունն այն է, որ իրենք խոստումներով քվեներ չենք հավաքում, իրատեսական ծրագրերով են հադես գալիս:
«Համոզված եղեք, որ ՀՀԿ-ն այն ուժն է, որը չի խուսափել պատասխանատվությունից, հետագայում էլ պատասխանատու ենք լինելու բարեփոխումների առաջընթացի համար»,-ասաց նա:
Ապա նա հայտարարեց, որ ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներն այն անձինք են, որ ունեն փորձ, աշխատասիրություն և հետևողական աշխատանք, որը հնարավորություն է տալիս բոլորի հետ շփվելու, բոլորի դարդ ու ցավին ծանոթանալու: «Կոչ եմ անում վստահել այս քաղաքական ուժին, որը փորձառու, պրոֆեսիոնալ թիմ ունի, և մենք բոլորս մեր մաշկի վրա են զգալու բոլոր փոփոխություններն ու առաջընթացը»,-եզրափակեց Երևանի քաղաքապետը:










