Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութ են փորձել հափշտակել. տնօրենի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրգործ է հարուցել

11:41 • 20.03.17

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ տնօրենի հաղորդման հիման վրա:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ից, մասնավորապես, վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017թ. փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145,5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր:

Այսպիսով, պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու  դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: