Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Պալմիրայի շրջանում ավիահարվածների պատճառով
Իսրայելի դեսպան Գարի Կորենը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ սիրիական Պալմիրայի շրջանում Սիրիայի բանակի օբյեկտների ուղղությամբ իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այո, մենք նրան հարցրել ենք այդ մասին»,- ասել է Բոգդանովը լրագրողներին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել միջադեպի առնչությամբ:
«Մենք ունենք կապի հատուկ ալիք (միջադեպերի կանխման համար), և մենք կցանկանայինք, որ այդ ալիքն ավելի արդյունավետ աշխատեր, և չլիներ թյուրիմացություն այն բանի վերաբերյալ, թե ով ինչով է զբաղվում»,- ընդգծել է դիվանագետը:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 17-ի գիշերը: Սիրիական արաբական հանրապետության զինված ուժերի տվյալներով՝ չորս իսրայելական ինքնաթիռ ներխուժել է երկրի օդային տարածք և հարված հասցրել բանակի օբյեկտներից մեկին: Սիրիական հրամանատարությունը հայտարարել է, որ ինքնաթիռներից մեկը հաջողվել է կործանել, բացի այդ՝ վնասվել է ևս մի կործանիչ: Իսրայելական կողմը հերքում է կործանված ինքնաթիռի մասին տեղեկությունը։










