Մեքսիկայում նարկոմաֆիայի գաղտնի գերեզմանափոսում մոտ 50 մարդկային գանգ է հայտնաբերվել
Մեքսիկայի Վերակրուս նահանգի դատախազությունը թմրանյութերի առքուվաճառքով զբաղվող հանցախմբերի գաղտնի գերեզմանափոսերից մեկում հայտնաբերել է մոտ 50 մարդկային գանգ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, ավելի վաղ հայտարարվել էր, որ Կոլինաս դե Սանտա Ֆեում գտնվող գաղտնի գերեզմանափոսում հայտնաբերվել է 250 մարդկային մնացորդ, որոնք, ըստ բժիշկների, պատկանում են 14-25 տարեկան տղաների ու աղջիկների:
Աղբյուրը մանրամասնում է, որ առայժմ փորվել է գերեզմանափոսի 1/3-րդ մասը միայն, ուստի՝ ենթադրվում է, որ այնտեղ ավելի մեծ թվով մարդկային մնացորդներ կհայտնաբերվեն:
Նահանգապետ Խորխե Ուինքլերի խոսքով՝ մասնագետներն արդեն պարզել են սպանվածների ինքնությունը. նրանցից շատերն անհետ կորած էին հայտարարվել 2016թ.:
Հայտնի է, որ 2010թ. ի վեր Վերակրուսում անհետ կորած է հայտարարվել 720 մարդ:
Մեքսիկական ծոցի ափին գտնվող նահանգում արյունալի պայքար է ընթանում 2 հզոր նարկոկարտելների՝ «Լոս Սետաս»-ի և «Ծովածոց»-ի միջև: Հայտնի է, որ խմբավորումները մրցակցում են թմրանյութերն ԱՄՆ ուղարկելու ոլորտի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:










