Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ դե Միստուրային. «ՌԻԱ Նովոստի»

11:28 • 20.03.17

Սիրիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրային, որը մտադիր էր Դամասկոս այցելել մինչ Ժնևում միջսիրիական բանակցությունների նոր փուլի մեկնարկը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:


Դե Միստուրան դիմել է արաբական հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով Սիրիա ժամանել մինչ ժնևյան հանդիպումների մեկնարկը, որոնց անցկացումը նախատեսված է այս շաբաթ: Հատուկ պատվիրակի դիմումին պաշտոնական Դամասկոսը մերժումով է պատասխանել՝ առանց բացատրելու պատճառները, փաստել է գործակալության զրուցակիցը:


Աղբյուրի խոսքով՝ դե Միստուրան «անցանկալի անձ է դարձել Դամասկոսում՝ ինչպես այսօր, այնպես էլ ապագայում»:


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի գրասենյակը երեքշաբթի հայտնել է, որ միջսիրիական բանակցությունները կշարունակվեն մարտի 23-ին: