Թուրքիայում ձերբակալվել է Բեռլինի ահաբեկչության գործով երեք կասկածյալ
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ծագումով լիբանանցի Գերմանիայի երեք քաղաքացու, որոնք, ինչպես կասկածում են իրավապահները, ներգրավված են անցած տարվա դեկտեմբերի 19-ին Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2016 թվականի դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատարը մխրճվել է Բեռլինի կենտրոնում տոնավաճառ այցելած ամբոխի մեջ, ինչի հետևանքով մահացել է 12 մարդ, 48 հոգի հոսպիտալացվել է: Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ դա եղել է ահաբեկչություն: Բեռնատարը վարող 24-ամյա թունիսցի Անիս Ամրին, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, սպանվել է Միլանում ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում: Ամրիի հեռախոսում հայտնաբերվել է ենթադրյալ համախոհների հինգ անուն: Քննությունը պարզել է, որ նրանցից չորսը թաքնվում են Թուրքիայում:
Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչության իրականացման հրահանգը տվել է անցած շաբաթ թուրքական Իզմիր նահանգում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը:
Ինչպես հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ում «Անադոլու» գործակալության աղբյուրը, ահաբեկչությանը ներգրավվածության համար ևս երեք կասկածյալ ձերբակալվել է Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում:










