Սպիտակ տունը մեկնաբանել է՝ ինչու է Թրամփը հրաժարվել Մերկելի հետ ձեռքսեղմումից (տեսանյութ)

11:16 • 20.03.17

ԱՄՆ Սպիտակ տունը հերքել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների առաջ հրաժարվել է սեղմել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը, հայտնում է The Independent-ը:


«Ես կարծում եմ՝ նա չի լսել հարցը»,- ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը գերմանական Der Spiegel պարբերականին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է սեղմել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը Սպիտակ տանը կայացած հանդիպման ավարտին համատեղ մամուլի ասուլիսից առաջ: Ինչպես երևում է հրապարակված տեսանյութերում, ասուլիսի սկզբում լրագրողները լուսանկարներ անելիս բազմիցս հնչեցնում են «ձեռքսեղմում» բառը, որից հետո Մերկելն ինքն է նշում, որ լրագրողները ցանկանում են լուսանկարել այդ պահը: ԱՄՆ նախագահը, սակայն, անտարբեր է մնում, և թվում է, թե արհամարհում է թե՛ լրագրողների, թե՛ Մերկելի խոսքը` փոխարենը խնդրելով լավ լուսանկար ուղարկել Գերմանիա:


Բացի այդ, Վաշինգտոնում Մերկելի հետ հանդիպման հաջորդ օրը Թրամփը Twitter-ի իր էջում մեղադրել էր Գերմանիային «ՆԱՏՕ-ին հսկայական գումարներ պարտք լինելու» համար:  Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հերքել է Գերմանիայի պարտքի մասին Թրամփի խոսքերը: «ՆԱՏՕ-ում ոչ մի պարտք չկա»,- հայտարարել է նա: