Ռեքս Թիլերսոնն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ ապրիլին Ռուսաստան կայցելի
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ ապրիլի 12-ին Ռուսաստան այցելել, ինչի մասին հայտնում է Reuters-ը՝ իշխանական օղակներում քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Հայտնի է, որ Թիլերսոնը կհրաժարվի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ հանդիպումից, որպեսզի Չինաստանի ղեկավար Սի Ձինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ հանդիպի նրա հետ:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Թիլերսոնի որոշումը վկայում է այն մասին, որ այս պահին ԱՄՆ իշխանությունների համար Մոսկվայի ու Պեկինի հետ հարաբերություններն առաջնային են:
Հայտնի է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումը, որը կայանալու է ապրիլի 5-6-ը՝ Բրյուսելում, այս ձևաչափում պետք է առաջինը լիներ Թիլերսոնի համար:
Մինչդեռ ապրիլի 6-ին 2-օրյա այցով ԱՄՆ է ժամանելու Չինաստանի ղեկավարը, որի հետ բանակցություններին նախագահ Դոնալդ Թրամփից բացի ներկա է լինելու նաև Թիլերսոնը:
Նշենք, որ Թիլերսոնը Exxon Mobil Corp ընկերությունը գլխավորելու ժամանակ սերտ կապերի մեջ է եղել Ռուսաստանի իշխանությունների հետ ու այդ երկրի դեմ պատժամիջոցների սահմանումը ոչ խելամիտ է որակել:










