Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին

11:40 • 21.03.17

Մարտի 20-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է Արգենտինայի և Հայաստանի միջև ջերմ և բարձր մակարդակի հարաբերությունների առկայությունը:

Արգենտինայի նախագահը խնդրել է իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերել հայ-արգենտինյան բազմաոլորտ հարաբերությունների զարգացման գործում:

Դեսպան Մկրտումյանը նույնպես հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում առավելագույն ջանքեր կներդրվեն երկու բարեկամ պետությունների միջև կապերի ավելի սերտացման և ամրապնդման համար։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Մաուրիսիո Մակրիին Հայաստանի ու Արգենտինայի միջև համագործակցության և բարեկամության գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հանդիպման ընթացքում առանձնակի կարևորվել է և բարձր է գնահատվել արգենտինահայ համայնքի յուրահատուկ կամրջող դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման հարցում։

Նախագահական պալատում տեղի ունեցած արարողությունից հետո ՀՀ դեսպանն ուղևորվել է Սան Մարտինի անվան հրապարակ, որտեղ Արգենտինայի նախագահական պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ծաղկեպսակ է զետեղել արգենտինյան ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին: