Բուլղարացի ցուցարարները Թուրքիայի հետ սահմանին մի շարք անցակետեր են արգելափակել
Բուլղարացի ցուցարարները երեքշաբթի արգելափակել են երթևեկությունը բուլղարա-թուրքական սահմանի մի քանի հսկիչ-անցագրային կետերում: Նրանց հայտարարությունների համաձայն՝ դա արվել է մարտի 26-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ, այսպես կոչված, «նախընտրական զբոսաշրջությունը» կանխելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բուլղարիայում խորհրդարանի արտահերթ ընտրություններն անցկացվելու են կիրակի օրը՝ մարտի 26-ին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի տարածքում բնակվող որոշ բուլղարացի քաղաքացիներ նախընտրել են քվեարկել Բուլղարիայի տարածքում, այլ ոչ Թուրքիայում: Դրա համար մի շարք քաղաքական կուսակցություններ տրանսպորտ են հատկացրել, և արդեն երեքշաբթի մի քանի ավտոբուս Ստամբուլից մեկնել է Բուլղարիայի քաղաքներ:
Ցուցարարների կարծիքով՝ այդ տեղափոխությունները կարող են սպառնալ երկրի անվտանգությանը, ինչպես նաև նպաստել քվեարկության արդյունքների կեղծմանը:
Հսկիչ-անցագրային կետերում հավաքված Բուլղարիայի քաղաքացիները վստահեցնում են, որ կմնան այնտեղ մինչև մարտի 26-ը՝ ավտոբուսների տեղաշարժը խոչընդոտելու համար: Այդ նպատակների համար նրանք կառուցել են արգելապատնեշներ: Ցուցարարների հայտարարությունների համաձայն՝ նրանք տվյալներ ունեն այն մասին, որ մինչև ընտրությունները սահմանով նախատեսվում է բուլղարացի ընտրողներով մոտ 1.000 ավտոբուսի անցում:










