ՀԴԲ-ի տնօրենը պաշտոնապես հաստատել է Թրամփի և Ռուսաստանի միջև հնարավոր կապի հետաքննումը

10:56 • 21.03.17

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ջեյմս Կոմին առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ իրենք հետաքննում են անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ առկա կասկածները:


Ինչպես նշում է Reuters-ը, Կոմին ու ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Մայք Ռոջերսը Ներկայացուցիչների պալատի անդամների առաջ ելույթ ունենալու ժամանակ մանրամասնել են, որ այս գործով հետաքննությունը կարող է ամիսներ տևել:


Կոմին ևս մեկ անգամ կրկնել է ավելի վաղ հնչեցված կարծիքն առ այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ թե ուզում էր պարզապես պարտված տեսնել դեմոկրատ Հիլարի Քլինթոնին, այլ՝ որ հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթեր:


Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ հետախուզական ծառայությունները հայտարարել էին, որ Ռուսաստանը նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակն ապահովելու համար հաքերային հարձակումներ է իրականացրել Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցի վրա:


ՀԴԲ-ի ղեկավարն անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից գաղտնալսվելու պնդումներին՝ հայտարարելով, որ դա չի համապատասխանում իրականությանը:


«Մեծ հարգանք տածելով նախագահի ու գաղտնալսումների վերաբերյալ նրա հայտարարությունների հանդեպ՝ պետք է ասեմ, որ նրա մեղադրանքներն ապացուցող փաստեր գոյություն չունեն»,-ասել է Կոմին: