Թուրքիայի 20 նահանգում գյուլենականների դեմ ոստիկանական գործողություն է իրականացվել
Թուրքիայի 20 նահանգում միաժամանակ իրականացված ոստիկանական գործողության ընթացքում որոշում է կայացվել ձերբակալել 265 անձի, որոնք կասկածվում են 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը` ոստիկաններին հաջողվել է 265-ից 60-ին ձերբակալել տեղում: Վերջիններս տեղափոխվել են Անկարայի դատախազություն:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










