Արգենտինայում օդանավը չի կարողացել վայրէջք կատարել քնած դիսպետչերների պատճառով

09:18 • 21.03.17

Austral ավիաընկերության ինքնաթիռներից մեկը չի կարողացել վայրէջք կատարել արգենտինական Լա Ռիոխա քաղաքի օդանավակայանում, ինչի պատճառը եղել են քնած ավիադիսպետչերները:


Ինչպես հայտնում է ria.ru-ն, ինքնաթիռի օդաչուն 8 րոպե շարունակ ստիպված է եղել պտտվել օդանավակայանի վրայով՝ փորձելով կապ հաստատել դիսպետչերների հետ, սակայն պատասխան չի ստացել:


Աղբյուրը մանրամասնում է, որ Լա Ռիոխայի օդանավակայանի աշխատանքը սկսվում է առավոտյան ժամը 7-ին, սակայն ավիադիսպետչերները պետք է իրենց տեղում լինեն ավելի շուտ ու պատրաստ լինեն ինքնաթիռներն ընդունելուն:


Այս անգամ ինքնաթիռը ժամանակից շուտ է տեղ հասել, իսկ ավիադիսպետչերներն էլ քնած են եղել, ինչի հետևանքով էլ առաջացել է խնդրահարույց իրավիճակը:


Ավիադիսպետչերների ընկերակցության ներկայացուցիչ Գուստավո Կիրոգան այս իրավիճակում պաշտպանել է օդանավակայանի աշխատակազմին՝ նշելով, որ ավիադիսպետչերները մեղավոր չեն, որ ինքնաթիռը նախանշված ժամանակից շուտ է տեղ հասել: