Ռուսաստանը կմարի ԽՍՀՄ-ի վերջին պարտքը. ՌԴ Ֆիննախ
Ռուսաստանը ԽՍՀՄ-ի պարտքի մարման վերաբերյալ համաձայնագիր է կնքել Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակին:
«Այսօր կայացել է Ռուսաստանի Դաշնության և Բոսնիա և Հերցեգովինայի միջև միջկառավարական համաձայնագրի ստորագրման արարողություն` կապված նախկին ԽՍՀՄ-ի և նախկին Հարավսլավիայի միջև ապրանքաշրջանառության գծով ԽՍՀՄ պարտավորությունների հետ», - ասել է Ստորչակը:
Փաստաթղթի համաձայն` Ռուսաստանը 123,1 միլիոն դոլար կվճարի Բոսնիա և Հերցեգովինային: Ստորչակը պարզաբանել է, որ Բոսնիա և Հերցեգովինան միակ երկիրն է նախկին ԽՍՀՄ-ի վարկատուներից, որի պարտքը չի մարվել:
Նշվում է, որ ՀՍՖՀ (Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն) այլ պետություններից վերցված պարտքն ամբողջությամբ մարվել է 2011-2016 թվականներին:










