9/11-ի զոհերի հարազատները հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետևանքով 850 զոհերի և 1500 վիրավորների բարեկամների անունից հայց է ներկայացվել ԱՄՆ դաշնային դատարան՝ ընդդեմ Սաուդյան Արաբիայի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Այդ հայցն ապացուցում է՝ ընտանիքները մտադիր չեն հանձնվել, նրանք մտադիր են ապացուցել Սաուդյան Արաբիայի ներգրավվածությունն այդ դեպքերին»,- հայտարարել է փաստաբան Ջիմ Քրեյնդլերը: Նրա իրավաբանական ընկերությունն աշխատում է զոհերի և վիրավորների ընտանիքների հետ արդեն մոտ 16 տարի:
Հայցում պահանջ է ներկայացվում վնասի փոխհատուցման վերաբերյալ, սակայն փաստաբանները և հայցվորները հրապարակայնորեն գումարը չեն նշում:
Դատարան հայցին նախորդել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի երկար պայքարը Կոնգրեսի հետ: 2016 թվականի սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը մերժել է նախագահ Բարաք Օբամայի վետոն օրենքի դեմ, որը թույլ է տալիս սեպտեմբերի 11-ի տուժածներին վնասի փոխհատուցման հայցեր ներկայացնել Սաուդյան Արաբիայի իշխանությունների դեմ:
Հայցում նշվում է մի քանի սաուդյան բարեգործական կազմակերպություն, որոնք հայցվորները ներգրավված են համարում «Ալ-Քաիդայի» գրոհայինների համար մարզչական ճամբարների ստեղծմանն ու ֆինանսավորմանը: Հայցվորները պնդում են, որ այդ կազմակերպությունները համագործակցել են «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի հետ և օգնել են ստեղծել նոր օջախներ Պակիստանում և Աֆղանստանում:
Սաուդյան Արաբիան մեղադրվում է նաև «Ալ-Քաիդայի» անմիջական ֆինանսավորման, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման և ամբողջ աշխարհում մարդկանց և բեռների փոխադրման հարցում օգնություն տրամադրելու համար:
Բացի այդ, հայցում հիշատակվում են սաուդյան պաշտոնյաների անունները, որոնք, ինչպես համարում են հայցվորները, ահաբեկչութուններից առաջ մեկուկես տարի համագործակցել են սեպտեմբերի 11-ին կործանված ինքնաթիռներն առևանգողների հետ:










