ԱՄՆ զորքերը չպետք է լքեին Իրաքը 2011 թվականին. Թրամփ

10:25 • 21.03.17

Ամերիկյան զորքերը չպետք է լքեին Իրաքը 2011 թվականին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 


ԱՄՆ նախագահը նաև բարձր է գնահատել երկրի ներկայիս իշխանությունների ջանքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:


«Իհարկե, մենք չպետք է հեռանայինք: Մենք բոլորովին չպետք է դա անեինք: Առաջացավ վակուում, և մենք քննարկել ենք, թե ինչ եղավ հետո»,- ասել է Թրամփը:


«Ես գիտեմ, որ դուք շատ ջանքեր եք ներդնում: Ինձ տեղեկացրել են, որ դուք լավ եք անում ձեր աշխատանքը: Դա հեշտ գործ չէ, դա դժվար գործ է: Ձեր զինվորները ծանր մարտեր են մղում»,- հավելել է ԱՄՆ նախագահը:


Իրաքի վարչապետն, իր հերթին, պատմել է այն մասին, թե ինչպես են իր երկրի զինվորականներն օգնում հակամարտության գոտուց փախստականներին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրաքն այն երկրների ցանկից հանելու համար, որոնց քաղաքացիներին ժամանակավորապես արգելվել է մուտք գործել ԱՄՆ: