Երևանը հրաժեշտ տվեց «Հաց բերող» Արթուր Սարգսյանին (տեսանյութ)
16.39
Հաց բերող Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Երևանի Շահումյանի գերեզմանատանն այսօր վերածվեց սգո հանրահավաքի, որի ժամանակ հնչեցին նաև քաղաքական հայտարարություններ, մարդկանց համար ընթերցվեց նրա կենսագրությունը:
Հաց բերողը հուղարկավորվեց իր ձեռքով պատրաստված դագաղում՝ մարդկանց ծափերի ներքո մեքենայից հանվելուց հետո:
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս կարգի հուղարկավորություն Հայաստանում առաջին անգամ է տեղի ունենում:
«Շատերը հարցնում էին ինձ, թե ինչու սովորական փոս չի, և ինչու չի կարելի անմիջապես դագաղի վրա հող լցնել։ Սա ստորգետնյա դամբարանի տեսակ է՝ ամբողջովին բետոնապատված։ Ե՛վ դագաղը, և՛ մարմինը շատ երկար ժամանակ պահպանվում են, որովհետև օդափոխիչ խողովակներ են անցկացված պատերի ներսում: Երկար ժամանակ կպահպանվի, եթե հաջողվի տեղափոխել Եռաբլուր, ինչպես ինքն է արժանի: Եթե ոչ, հենց սրա վրա հուշարձանը կկառուցվի»։
Ներկաների համար Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանը կարդաց Հաց բերողի կենսագրությունը:
«2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցրած Հաց բերողը ծնվել է 1968 թվականի օգոստոսի 9-ին, հայ ժողվարպետ է՝ փայտի գեղարվեստական փորագրող, արցախյան ազատամարտի մասնակից: Արթուր Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։ Զուգահեռաբար սովորել է նույն ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի բժշկական կիբեռնետիկայի բաժնում, որն ավարտել է 1989 թվականին: 2002թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆինանսաբանկային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն համալսարանի Ֆինանսներ և վարկեր բաժինը:
Արթուր Սարգսյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ»:
Հիշեցնենք, որ երկրորդ ձերբակալության 1-ին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով, ըստ նրա փաստաբանների, նրա առողջությունն անդառնալիորեն քայքայվեց և պատճառ դարձավ նրա մահվան:
«Հաց բերողի» մահվանից հետո Երևանում անցկացվում են բողոքի ցույցեր՝ նրան «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու պահանջով:
_______________________________________
15.29
Այսօր Երևանում տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած և դրանից հետո «Հաց բերող» անունով հայտնի դարձած Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը։
Բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական գործիչներ, ակտիվիստներ, «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների անդամներ և այլք եկել էին իրենց հրաժեշտը տալու Արթուր Սարգսյանին։
Tert.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի ընկերն ասաց.
«Նա հայրենասեր և բոլորին հասնող մարդ էր։ Ափսոս, ափսոս, որ կորցրինք նրան։ Ինչպես նա «Սասնա ծռերին» հասավ ու հաց տարավ, այդպես էլ հասնում էր բոլորին։ Ափսոս, շատ լավ մարդ կորցրինք»։
Հուղարկավորությանը մասնակից քաղաքացիներից մեկն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ անձամբ չի ճանաչում «Հաց բերողին», բայց պարտավորված է իրեն զգացել ներկա գտնվել նրա հուղարկավորությանը։
«Բոլորն են մեղավոր, որ Արթուր Սարգսյանը չկա» ,- նշեց հուղարկավորության ծիսակարգ իրականացնող հոգևոր հայրը՝ հավելելով. «Մեր վիճակը մեր ներսից է գալիս։ Ժողովրդի վիճակի պատճառն ամեն մեկիս մեջ է։ Արթուր Սարգսյանն այն տեսակն էր, որը, ցավոք, քիչ է հանդիպում մեր ժողովրդի մեջ։ Այն տեսակն էր, որը պատրաստ էր զոհաբերվելու հանուն մարդկանց բարօրության»։
Արթուր Սարգսյանին հուղարկավորեցին ծափողջյունների ներքո։ Բազմաթիվ քաղաքացիների ծափողջյունների ուղեկցությամբ Արթուր Սարգսյանին տեղափոխեցին Շահումյանի անվան գերեզմանատուն, որտեղ էլ ամփոփվեց նրա մարմինը։










