Սիրիայում փախստականների ճամբարին հասցված ավիահարվածի հետևանքով 33 մարդ է զոհվել

18:51 • 22.03.17

Սիրիայի հյուսիսում ավիահարված է հասցվել փախստականների ճամբարի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, այդ թվում կանայք ու երեխաներ:

Ինչպես փոխանցում է DW.com-ը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ամենայն հավանականությամբ, ավիահարվածը հասցվել է ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի կողմից:

Հաղորդվում է, որ ռմբակոծության է ենթարկվել դպրոցի շենքը, որի տարածքում տեղակայված է եղել տեղահանված անձանց և փախստականների ճամբարը: Այնտեղ մոտ 40 ընտանիք է բնակվելիս եղել:

Ինչպես նշվում է, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` Ռաքքա նահանգի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Ալ-Մանսուր քաղաքում իրականացված ավիահարձակման ժամանակ:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը ևս հաղորդել է, որ ամերիկյան ավիահարվածի հետևանքով Ալ-Մանսուրում տասնյակ մարդիկ են սպանվել և վիրավորվել: