Ավստրիայի ՆԳՆ-ն 1000-ական եվրո է առաջարկում ներգաղթյալներին՝ հայրենիք վերադառնալու համար

16:51 • 22.03.17

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է հազարական եվրո տրամադրել փախստականների առաջին հազարյակին, որն առաջիկա տարիներին կամավոր կերպով կլքի պետության տարածքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով Ավստրիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկային:

Աղբյուրի հաղորդմամբ` գումարը կտրամադրվի միայն այն ներգաղթյալներին, որոնց ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումները դիտարկվում են սույն թվականի մարտի 15-ից: Նախաձեռնությունը վերաբերում է բացառապես Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից փախստականներին:

Ավստրիայի միգրացիոն ծառայության տվյալների համաձայն` անցած տարի երկիրը լքել է մոտ 10,7 հազար մարդ, որոնցից մոտ 5,8 հազարը` կամավոր:

Հայտնի է, որ 2016 թվականի արդյունքներով Ավստրիայում փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու գործընթացը թույլատրվել է 36 հազար մարդու համար: Ընդ որում՝ կառավարությունը թույլատրել է 37,5 հազար դիմում ընդունել, և այդ թիվն անցնելու դեպքում ենթադրվել է փակել սահմանները՝ ներգաղթյալների հոսքը սահմանափակելու նպատակով, ինչպես նաև` փախստականներին արտաքսել պարզեցված գործընթացով:

Իշխանությունները դեռևս վերջնական որոշում չեն ընդունել այս տարվա նոր սահմանափակումների վերաբերյալ, քանի որ անցած տարվա սահմանափակումը դեռևս չի գերազանցվել: