Լրատվամիջոցներին հայտնի է դարձել՝ ում էին հասցեագրված Հունաստանում հայտնաբերված ռումբերով ծանրոցները
Հունաստանում հայտնաբերված ռումբեր պարունակող ծանրոցները հասցեագրված են եղել Եվրոպական կենտրոնական բանկի գրասենյակներից մեկին, ինչպես նաև եվրագոտու երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում աղբյուրների:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երկուշաբթի հունական ոստիկանությունն ութ կասկածելի ծանրոց է հայտնաբերել Հունաստանի փոստային ծառայությունում, որոնք նախատեսված են եղել Եվրամիության երկրներում հասցեատերերին:
Ինչպես հայտնում է գործակալությունը, բացի Եվրոպական կենտրոնական բանկի «տարածաշրջանային գրասենյակից», հասցեատերերի թվում են եղել Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը և Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի ղեկավար Կլաուս Ռեգլինգը: Նշվում է, որ այդ եվրոպական ինստիտուտները մասնակցում են Հունաստանի օգնության ծրագրերին:
Հետաքննությունն անցկացվում է այն բանից հետո, երբ երկու ծանրոց էր ուղարկվել Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին և Արժույթի միջազգային հիմնադրամի Փարիզի գրասենյակ: Գերմանիայում կասկածելի փաթեթն առգրավել են ոստիկանները: Իսկ Փարիզում վնասվածքներ է ստացել Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակիցը, ով բացել է ծանրոցը:










