Հայաստանը «ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսում» 188 երկրների ցանկում զբաղեցրել է 84-րդ տեղը

19:11 • 22.03.17

Հայաստանը ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման ինդեքս 2016»-ում աշխարհի 188 երկրների ցանկում զբաղեցրել է 84-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշը 0,743 է, և այդ ցուցանիշով այն մարդկային զարգացման բարձր մակարդակով երկրների շարքում է:  Վարկանշային ցանկում 84-րդ տեղը Հայաստանը կիսում է Ուկրաինայի հետ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ամենամյա զեկույցը հրապարակվել է մարտի 21-ին Ստոկհոլմում, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի կայքը:


Զեկույցում Վրաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը, Թուրքիան՝ 71-րդ տեղը, Ադրբեջանը՝ 78-րդ տեղը, իսկ Իրանը՝ 69-րդ տեղը: Ռուսաստանը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը, Միացյալ Նահանգները 10-րդ տեղում է:


Զեկույցի համաձայն՝ մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակը գրանցած առաջին հինգ երկրներն են Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան և Դանիան:


Զեկույցում նշվում է, որ չնայած մարդկային զարգացման միջին մակարդակը ողջ աշխարհում զգալիորեն բարելավվել է 1990-ից 2015 թվականների ընթացքում, աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդ շարունակում է ապրել Մարդկային զարգացման ինդեքսի հաշվարկներով մարդկային զարգացման ցածր մակարդակներում:


Մտահոգիչ իրավիճակ է նաև զարգացած երկրներում, որտեղ աղքատությունը և հասարակությունից մերժվածությունը նույնպես մարտահրավեր են ներկայացնում: Այս երկրներում ավելի քան 300 միլիոն մարդ, այդ թվում բոլոր երեխաների մեկ երրորդը, ապրում է հարաբերական աղքատության պայմաններում:


«Մարդկային զարգացում բոլորի համար» վերնագրով զեկույցը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր երկրներում որոշ խմբեր բախվում են մի քանի անբարենպաստ պայմանների, որոնք էլ ավելի ամրապնդում դրանց ազդեցությունը՝ այդպիսով մեծացնելով խոցելիությունը, լայնացնելով սերունդներ շարունակ գրանցվող առաջընթացի բացը և դժվարացնելով զարգացող աշխարհին հասնելու ճանապարհը:


Զեկույցի համաձայն՝ առաջընթացն անհավասար է, և շարունակվում է համակարգային խտրականությունը կանանց, բնիկ ժողովուրդների և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:


Աշխարհում ավելի քան 250 միլիոն մարդ իր ազգային պատկանելության պատճառով բախվում է խտրականության, իսկ 100 երկրներում կանանց սեռով պայմանավորված օրենքով արգելվում է կատարել որոշ աշխատանքներ: