Ռուսաստանը Սիրիայում Իսրայելի և Իրանի շահերի բախման կիզակետում. Der Spiegel
Ռուսաստան այցից հետո Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ «իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հասկացել է, թե ինչ էր նա ցանկանում հասցնել նրան. Իսրայելի համար անընդունելի են Սիրիայում երկար ժամկետով դիրքերն ամրապնդելու Իրանի փորձերը», գրում է գերմանական Der Spiegel-ը:
Բայց, ըստ երևույթին, դա այդպես չէ, կարծում են հոդվածի հեղինակներ Քրիստինա Հեբելն ու Քրիստոֆ Զյուդովը։ «Ընդամենը մեկ շաբաթ անց Իսրայելի և Սիրիայի միջև տեղի ունեցավ Սիրիայում քաղաքացիական պատերազմի մեկնարկից ի վեր ամենալուրջ ռազմական բախումը: Երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծեցին Սիրիայի տարածքում մի շարք թիրախներ, Բաշար ալ Ասադի բանակն առաջին անգամ պատասխան հարված հասցրեց»,- գրում են հեղինակները:
Սիրիական բանակի տվյալներով՝ Իսրայելը ցանկանում էր թիրախներ ոչնչացնել Պալմիրա քաղաքի մոտակայքում: «Ընդհանրապես այն, որ Իսրայելն իր սահմանից հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող թիրախներ է ռմբակոծում, այս հակամարտությունում տեղի է ունենում առաջին անգամ»,- գրում են հեղինակները:
Հավանաբար՝ Իսրայելի նպատակը եղել է Պալմիրայի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանը: Այն բանից հետո, երբ Իսրայելն անցած շաբաթ ոչնչացրեց Դամասկոսում Մեզե ռազմական աերոդրոմում ռազմամթերքի պահեստը, Իրանը կարող էր անցնել անապատում գտնվող այդ աերոդրոմի օգտագործմանը՝ իր բարեկամական «Հեզբոլլահ»-ին հրթիռներ մատակարարելու համար՝ ենթադրելով, որ Իսրայելը չի համարձակվի երկրի խորքում ռմբակոծություններ իրականացնել:
Իսրայելական «ավիաարշավից» հետո Ռուսաստանի ԱԳՆ կանչվեց Իսրայելի դեսպանը: «Ըստ երևույթին, Ռուսաստանին զայրացրել են Իսրայելի գործողությունները, քանի որ Պալմիրայում են տեղակայված ռուս զինծառայողներ»,- գրում են լրագրողները:
Միևնույն ժամանակ, Մոսկվան դժվար թե կարողանա հակազդել հետագա օդային արշավներին, քանի որ իսրայելական հատուկ ծառայություններն ավելի ու ավելի են դիտարկում Սիրիան որպես Իրանի և «Հեզբոլլահ»-ի գործողության գոտի: Նրանք վախենում են, որ Թեհրանի դաշնակիցները կարող են օգտվել Գոլանի բարձունքներից ապագա պատերազմում այնտեղից Իսրայելը հրթիռակոծելու համար, ասված է հոդվածում: Ռուսաստանն ինքը կամ չի ցանկանում, կամ չի կարող կանգնեցնել «Հեզբոլլահ»-ի զինումը սիրիական տարածքում, հավելում են լրագրողները:










