Իտալիայում ձերբակալել են Եվրոպայի ամենավտանգավոր հանցագործներից մեկին

14:11 • 22.03.17

Իտալիայի ոստիկաններն անցած գիշեր ձերբակալել են մաֆիոզ Սանտո Վոտարիին, որը Եվրոպայի առավել վտանգավոր հանցագործների ցանկում է, հայտնում է lacnews24.it-ն:


Հաղորդվում է, որ Վոտարիին հայտնաբերել են Կալաբրիա շրջանում իր հայրենի Բենեստարե քաղաքում կառուցված գաղտնի բունկերում: Տեղի ոստիկանության տվյալներով՝ նա գլխավորում է «Նդրանգետա» հզոր կալաբրիական հանցավոր կազմակերպության ամենաագրեսիվ խմբավորումներից մեկը:


Վոտարին ներգրավված է մի շարք արյունալի հանցագործություններում՝ մասնավորապես 2007 թվականի օգոստոսին տեղի ունեցած, այսպես կոչված, «Դույսբուրգի սպանդում», երբ գերմանական այդ քաղաքում սպանվել է վեց մարդ:


Իտալական դատարանը Վոտարիին դատապարտել է 30 տարվա ազատազրկման: Մաֆիոզի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում, Եվրոպոլը նրան ընդգրկել էր առավել վտանգավոր հանցագործների ցանկում: