Ընտրություններին մասնակցող 9 ուժերից միայն 1-ն է ծրագրում ներառել Ջավախքը
Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակում ծնունդով ջավախքցի պատգամավորների թիվը վկայում է Ջավախքի նկատմամբ կուսակցության բարեհաճ վերաբերմունքի մասին:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ծնունդով Ջավախքից, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ համամասնական ցուցակի 33-րդ թեկնածու Տաճատ Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀԿ ցուցակում ծնունդով ջավախքցի 5 պատգամավոր կա, սակայն կուսակցության ծրագրային դրույթներում Ջավախքի վերաբերյալ կետ չկա:
«5 ծնունդով ջավախքցիներ են ներառված ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, դա արդյո՞ք հենց այդ սրտացավ վերաբերմունքի դրսևորումը չէ Ջավախքի նկատմամբ: Մենք գիտենք, որ ծրագրերում ներառված շատ դրույթներ չէ, որ հետագայում կարողանում են կյանքի կոչվել, բայց այս պարագայում, ես կարծում եմ, որ մեր ներկայացվածությունն այդ ցուցակում ավելի առարկայական մոտեցում է և ուշադրության դրսևորում Ջավախքի նկատմամբ: Այս պարագայում արդյունավետությունն ավելի բարձր կլինի»,-ասաց պատգամավորը՝ իր երախտիքը հայտնելով այն քաղաքական ուժերին, ովքեր իրենց դրույթներում ներառել են Ջավախքը:
Հարցին, թե ո՞րն է իր դիրքորոշումը Ջավախքի հարցում և ի՞նչն է կիսատ մնացել, որ չի կարողացել իրականացնել նախորդ գումարման Ազգային ժողովում, որը ցանկանում է իրականություն դարձնել ապրիլի 2-ից հետո ընտրվելու դեպքում, Տաճատ Վարդապետյանն ասաց, որ Ջավախքի հանդեպ ինչ էլ անես քիչ է. «Ջավախքի համար ինչ էլ անես քիչ է։ Որևէ մրցակցության ձեռնոց չեմ նետում, որպեսզի չափեմ իմ ջավախասիրությունը, Ջավախքի համար որքան էլ արվի, միևնույն է, քիչ է, պետք է ավելին անել»:
Պատգամավորն ասաց, որ պետք է ՀՀ ԱԺ ամբիոնն օգտագործել Ջավախքի խնդիրները բարձրաձայնելու և լուծում տալու համար՝ հավելելով, որ այդ համատեքստում պետք է պահպանվի հայ-վրացական փոխհարաբերությունների հավասարակշիռ ընթացքը:
Tert.am-ն ընդհանրացրեց ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում Ջավախքին վերաբերող դրույթները, սակայն Ջավախքի մասին դրույթ կար միայն ՀՅԴ-ի ծրագրում, մնացածը վերաբերում էր Վրաստանի հետ տնտեսական հարաբերություններին:
«Ելք» դաշինքի ծրագրում Ջավախքին վերաբերող կետ չկա: Հարևան երկրների հետ հարաբերությունների համատեքստում դաշինքն ասում է, որ բոլոր միջոցները կձեռնարկվեն Վրաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և անդամ պետությունների, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և այլ երկրների հետ արժանապատիվ և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար:
«Ծառուկյան» դաշինքը արտաքին քաղաքական հայեցակարգում կարևորում է ՀՀ դիվանագիտական կառույցների, Սփյուռքի ավանդական և այլ կազմակերպությունների առաջարկությամբ ՀՀ կառավարությունում հատուկ ծրագրերի հաստատումը` հաշվի առնելով յուրաքանչյուր գաղթօջախի առանձնահատկությունները:
«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջարկն էլ վերաբերում է միայն տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Կուսակցությունն առաջարկում է հզորացնել Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան էներգետիկ հանգույցը:
Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ Ջավախքը ՀՎԿ-ի ծրագրերում չկա, սակայն կուսակցությունն իր դիրքորոշումն ունի այդ հարցում:
ՀՀԿ-ի ցուցակի 31, 33, 35, 72, 159-րդ հորիզոնականները զբաղեցրած անձինք ծնունդով ջավախքցիներ են՝ համապատասխանաբար Շիրակ Թորոսյանը, Տաճատ Վարդապետյանը, Հովհաննես Սոֆոյանը, Լև Տոլստոյի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը և պատգամավոր Վարդան Այվազյանը: ՀՀԿ-ն առաջարկում է նոր թափ հաղորդել Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններին, զարգացնել տնտեսական հարաբերությունները:
«Ազատ դեմոկրատները» շեշտում են ազգային շահի վրա խարսխված և տարբերակված արտաքին քաղաքականություն ունենալը՝ նշելով, որ Վրաստանի աշխարհագրական, քաղաքակրթական կողմնորոշվածության ու հաղորդակցական առումներով Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր է, որի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը այլընտրանք չունի:
ՀՅԴ-ն առաջարկում է Վրաստանի հետ հարաբերությունները կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա՝ նշելով, որ բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա:
«Հայ ազգային կոնգրեսի» ծրագրում ևս Ջավախքին վերաբերող կետ չկա, սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Tert.am-ի զրույցում ասել էր, որ ՀԱԿ-ի ծրագրում Ջավախքը չկա, սակայն ՀԱԿ-ը դիրքորոշումն ունի Ջավախքի հարցում:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունն իրենց ծրագրերում Ջավախքի վերաբերյալ անդրադարձ չունեն:










