«Ռոսսելխոզնադզոր»-ը չի չեղարկի թուրքական մթերքի ներկրման գործող սահմանափակումները

12:34 • 22.03.17

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը չի պատրաստվում չեղարկել Թուրքիայից մթերքների ներկրման գործող սահմանափակումները։ Այս մասին «Իզվեստիա» թերթին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Յուլյա Մելանոն:

Արգելքի տակ է շարունակում մնալ սառեցված մսամթերքի, թռչնամսի, թարմ խաղողի, ելակի, տանձի, թարմ և սառեցված լոլիկի, վարունգի, ինչպես նաև մարինացված վարունգի ներկրումը Թուրքիայից: 

Մարտ ամսվա սկզբին հրապարակվել էր ՌԴ կառավարության որոշումն առ այն, որ չեղարկվել է թուրքական սոխի, ծաղկակաղամբի, բրոկոլիի, աղի, մաստակի և մեխակի ներկրման արգելքը: 

Իրավասու մարմինները լրատվամիջոցին հայտնել են, որ թուրքական գյուղմթերքի և տարբեր ապրանքների ներկրման արգելքի ամբողջական չեղարկման հարցը պետք է քննարկվի միայն Թուրքիայի կողմից ռուսաստանյան ապրանքների ներկրման հարցում կիրառվող սահմանափակումների վերացման համատեքստում:

Գյուղատնտեսական ապրանքների արտահանման ազգային ասոցիացիայի տվյալներով՝ մարտի 15-ին թուրքական կողմը դադարեցրել է ռուսական ցորենի, եգիպտացորենի և բուսական յուղի ներկրման համար համապատասխան արտոնագրերի տրամադրումը, ինչը փաստացի նշանակում է արգելք սահմանել ռուսաստանյան ապրանքների ներկրման հարցում:

Թեև Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հերքել է սահմանափակումների սահմանման մասին լուրերը` Անկարայում ռուսաստանյան առևտրային ներկայացուցչության ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիան հանել է Ռուսաստանի անունն այն երկրների ցուցակից, որոնք ունեն մաքսատուրքի զրոյական դրույքաչափ: