2017թ. ռուսական սպառազինության արտահանման ծավալը զգալիորեն կգերազանցի անցած տարվա ցուցանիշը. ռուս պաշտոնյա

12:53 • 22.03.17

2017 թվականին օտար երկրներ ռուսական սպառազինության մատակարարումների ծավալը զգալիորեն կգերազանցի անցած տարվա ցուցանիշները: Այդ մասին հայտնել է «Ռոստեխ» («Ростех») պետական կորպորացիայի միջազգային համագործակցության և տարածաշրջանային քաղաքականության հարցերով տնօրեն, կորպորացիայի և «Ռոսօբորոնէքսպորտ» («Рособоронэкспорт») ընկերության միացյալ պատվիրակության ղեկավար Վիկտոր Կլադովը LIMA-2017 ցուցահանդեսի ժամանակ, հայտնում է lenta.ru-ն:


«Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվերների պորտֆելն այժմ կազմում է 45 միլիարդ դոլար, դա երեք տարի անընդմեջ աշխատանք է, անգամ եթե այլևս ոչինչ չստորագրվի: Ընդ որում՝ 2017 թվականին ավելի շատ պայմանագիր կլինի, քան 2016 թվականին»,-  հայտնել է Կլադովը:


Նրա խոսքով՝ 2017 թվականին նախատեսվում է պայմանագրի ստորագրում Ինդոնեզիայի հետ, ինչպես նաև Հնդկաստանի հետ խոշոր պայմանագրի կնքում 11356 նախագծի չորս ֆրեգատի մատակարարման վերաբերյալ: Կլադովը հայտնել է նաև Հնդկաստանում 200 հատ Կա-226Տ ուղղաթիռի արտադրության և այդ երկիր 48 հատ Մի-17Վ-5 ուղղաթիռի մատակարարման մասին պայմանագրեր ստորագրելու ծրագրերի մասին: