Թայլանդում գողերը խոստովանել են կողոպուտը` խղճալով անմեղ բանտարկյալին

18:37 • 22.03.17

2006 թվականին զինված կողոպուտ իրականացրած և անցած տարի մեկ այլ հանցագործության համար բանտարկված երեք պրոֆեսիոնալ գող նամակ են գրել իշխանություններին` խոստովանելով, որ իրենք կողոպուտ են կատարել: Խոստովանության պատճառն այն է, որ տղամարդիկ բանտում հանդիպել են տղամարդուն, որն անհիմն կերպով մեղադրվել է այդ կողոպուտի համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Թայլանդի երրորդ ազգային հեռուստաալիքին:

Աղբյուրի հաղորդմամբ` խոստովանական նամակը ստանալուց հետո Թայլանդի հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է իրականացրել և հաստատել նամակում ներկայացված փաստերը: Թայլանդի Արդարադատության նախարարությունը սկսել է անմեղ բանտարկյալին ազատելու և վերականգնելու գործընթացը:

Պատասխանելով հեռուստաալիքի հարցին` ինչու են նրանք այդպես վարվել, հանցագործների առաջնորդը հայտնել է, որ իրենց նպատակն անմեղին փրկելն է եղել` ցույց տալով, որ «բանտարկյալներն էլ պատիվ ու խիղճ ունեն»: