Թուրքական ԶՈւ-ն հրետակոծության տակ է առել սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանը. Reuters

14:59 • 22.03.17

Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) հրամանատարությունը հայտնել է, որ Թուրքիայի ԶՈւ-ն ինտենսիվ հրետակոծության տակ է առել սիրիական Աֆրին քրդաբնակ շրջանը, այս մասին հայտնում է Reuters-ը:

YPG-ի մամուլի խոսնակներից Ռեդուր Հալիլը բրիտանական գործակալության հետ զրույցում նշել է, որ թուրքական կողմի բացած կրակի հետևանքով վիրավորվել է Աֆրինի 10 խաղաղ բնակիչ:

Հիշեցնենք, որ այսօր թուրքական ԶՈւ-ն հայտնել է թուրք-սիրիական սահմանին թուրք զինվորի մահվան մասին: Թուրքական կողմը հայտարարել է, որ զինվորը մահացել է Սիրիայի կողմից քուրդ զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանից բացված կրակից: Զոհված զինծառայողը պարտադիր զինվորական ծառայության մեջ էր գտնվում Թուրքիայի Հաթայ նահանգի զորամասերից մեկում:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը 2016թ. օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։