Նայեք մյուս ուժերին, մի քանի ամիս առաջ բարձրագույն իշխանության էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք․ Աղվան Վարդանյանը՝ Արտաշատում (տեսանյութ)

22:40 • 23.03.17

 

Արարատի մարզկենտրոն Արտաշատում ՀՅԴ քարոզարշավի ժամանակ կուսակցության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ սպասվում են նոր Ազգային ժողովի ընտրություններ՝ նոր բովանդակությամբ:

«Մենք 2018 թվականին այլևս համապետական ընտրություններով նախագահ չենք ընտրելու, նախագահ Ազգային ժողովն է ընտրելու, բայց շատ սահմանափակ լիազորություններով»,- ասաց նա:

Դիմելով արտաշատցիներին՝ նշեց, որ նրանք են որոշելու, թե ինչպիսի Ազգային ժողով են ցանկանում ունենալ: «Ընտրությունը համեմատություն է, պետք է Ձեր առաջ փռեք մասնակցող ինը քաղաքական ուժերին,նայեք ու հասկանաք մեկ առ մեկ, թե որն ինչ առավելություն, ինչ թերություն ունի»,- ասաց նա՝ նշելով, որ Դաշնակցությունը որակապես տարբերվում է մյուս կուսակցություններից:

Համեմատություն անցկացնելով այլ կուսակցությունների հետ՝ նա  հարցրեց, թե որ կուսակցությունն է, որ ժողովրդի կյանքում կենսագրություն և փորձառություն ունի, անցյալ ու արած ունի:

«Ո՞ր կուսակցությունն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի կուսակցություն չէ: Նայեք, համեմատեք: Եվ տեսեք մյուս կուսակցությունները՝ մեկ հոգի խոսում է, մյուսները, ամբողջ կուսակցությունը  կրկնում է նրա ասածները: Ասում է՝ այս կողմ անցեք, այս կողմ են անցնում, հետո ասում է՝ մյուս կողմ անցեք, մյուս կողմ են անցնում»,- ասաց նա:

Նշեց, որ մյուս կուսակցությունների թեկնածուները իրարից ձայն են խլում:

«Ուրիշները ասում են՝ մենք գալիս ենք  փոփոխություններ կատարելու, Դաշնակցությունն արդեն համակարգային փոփոխություն է արել, կառավարման համակարգ է փոխել, ընտրական համակարգ է փոխել: Նայեք մյուս ուժերին, մի քանի ամիս առաջ բարձրագույն իշխանության կրողներն էին, այսօր ասում են՝ մենք ընդդիմություն ենք և մեղադրում են իշխանությանը բոլոր այն մեղքերի մեջ, որոնց մեջ մի քանի ամիս առաջ նրանց էին մեղադրում: Դուք ժողովուրդ եք, դուք եք որոշում: Մարդ քանի՞ երես կարող է ունենալ՝ մարդ ո՞նց կարող է իրեն թույլ տալ՝ այսօր ասի մի բան, վեց ամիս հետո լրիվ հակառակը: Կուսակցությունը ո՞նց կարող է իրեն թույլ տալ հարյուրտոկոսանոց սուտ խոստումներ տալ, բայց նայել Ձեր աչքերին: Անցնելու է, չէ՞ ապրիլի 3-ը: Այդ սուտ խոստումներ տվողները, որոնք ամբողջ օրը Ձեր աչքի առաջ են, պետք է պատասխան տա՞ն, թե՝ ոչ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: