Emirates-ը թույլ կտա դեպի ԱՄՆ չվերթների ժամանակ օգտվել նոթբուքերից մինչև ինքնաթիռ նստելը
Դուբայում տեղակայված Emirates ավիաընկերությունը մտադիր է նվազագույնի հասցնել սահմանափակումները, որ ԱՄՆ-ն սահմանել է ինքնաթիռների սրահ էլեկտրոնային խոշոր սարքերի անցկացման առնչությամբ, և թույլ տալ ուղևորներին օգտվել նոթբուքերից ընդհուպ մինչև ինքնաթիռ նստելը, հայտնում է Arabian Business-ը:
Ավելի վաղ Emirates-ը պաշտոնապես հաստատել է, որ մարտի 25-ից ուժի մեջ են մտնում դեպի ԱՄՆ չվերթների ժամանակ ինքնաթիռի սրահ խոշոր էլեկտրոնային սարքերի անցկացման վերաբերյալ ԱՄՆ-ի սահմանափակումները: Ուղևորները, նոր կանոնների համաձայն, չեն կարողանա ինքնաթիռ մտցնել սմարթֆոնից մեծ էլեկտրոնային սարքեր, և դրանք կհանձնեն որպես ուղեբեռ:
Նոր հայտարարությունում, սակայն, ավիաընկերությունը հաստատել է, որ թույլ կտա օգտվել նոթբուքերից և պլանշետներից մինչև վերջին պահը, երբ ուղևորները մտնում են ինքնաթիռ: Այդ ժամանակ ավիաընկերության աշխատակիցները կհավաքեն այդ սարքերը՝ բեռների հատվածում պահելու համար: Ուղևորները հետ կստանան իրենց սարքերը նշանակետ ժամանելուն պես:
Այդ նպատակի համար ավիաընկերությունը կհատկացնի լրացուցիչ աշխատակիցներ:










