Ազատության հրապարակում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված ցույցը

19:09 • 23.03.17

Ազատության հրապարակում մեկնարկել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված ցույցը: Ցույցի կազմակերպիչներից «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն ասաց, որ երկու օր շարունակ լռություն են պահպանել, սակայն այդպես չէր լինի եթե Ազատության հրապարակը մարդաշատ լիներ. «Եթե Ազատության հրապարակը լիքը լիներ, մենք ո՞նց կկարողանայինք երկու օր լռություն պահպանել: Այդ ամբողջ մարդկանցով կգնայինք հուղարկավորության ու պայքարը կշարունակեինք: Հիմա իմ խնդիրը հետևյալն է՝ պայքարը շարունակել թեկուզ միայնակ ու ամեն կերպ»:

Հիշեցնենք, որ «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը մահացել էր մարտի 16-ին: Նա դիմել էր հիվանդանոց պորտային օղակված ճողվածքի բարդությամբ, ենթարկվել էր վիրահատության, հաջորդ օրը մահացել։

«Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրող Արթուր Սարգսյանը նախորդ տարվա 2016թ. դեկտեմբերի 31-ին ազատ էր արձակվել, սակայն քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման էր ենթարկվել և 2017թ. փետրվարի 9-ին կալանավորվել, իսկ փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել:

Մարտի 13-ին Հաց բերողի խափանման միջոց կալանքը փոխվել էր անձնական երաշխավորությամբ և նա «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, իսկ մի քանի օր անց տեղափոխվել էր տուն՝ համապատասխան դեղորայքային նշանակումներով և հատուկ սննդակարգով:

Սակայն մարտի 15-ին նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն և նույն գիշերը վիրահատության էր ենթարկվել: