Եթե որևէ քաղաքական ուժի հետ կարողանամ պայմանավորվել, որ իմ 15 կետերը կկատարվեն, կոալիցիա կկազմենք. Գագիկ Ծառուկյան
Եթե իմ գործընկերները կհամաձայնեն, որ իմ 15 կետերը կատարվեն, ուրեմն կոալիցիա կկազմեմ:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջին համար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով այն հարցին, որ եթե դաշինքը ընտրություններում 50+1 ձայն չհավաքի, կոալիցիա կկազմի՞ որևէ քաղաքական ուժի հետ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության:
«Ինձ համար ամենակարևորը 15 կետերն են: Եթե քաղաքական ուժի հետ կարողանամ պայմանավորվել, որ ժողովրդին տված իմ խոստումը՝ 15 կետերը, կկատարվեն, կոալիցիա կկազմենք: Կլինի՝ կմտնենք, չի լինի, ուրեմն ոչ մի ուժի հետ էլ կոալիցիա չենք կազմի: Ես ասել եմ՝ իմ պատիվը չեմ վաճառում, և այսօր ես կարիք չունեմ ճանաչման, պաշտոնի»,- հայտարարեց Ծառուկյանը:
Հարցին, թե ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի հաջողության հասնելու դեպքում ի՞նքն է լինելու վարչապետ, Ծառուկյանը պատասխանեց. «Ես դա չգիտեմ: Ես պաշտոնի կարիք չունեմ: Եթե մենք նորմալ մարդ տեսանք, նա կանի, եթե չի անի, ես կանեմ»:










