Կանադայում չվերթից առաջ օղի խմած օդաչուն քնով է անցել ինքնաթիռում

15:34 • 23.03.17

Կանադական Sunwing Airlines ավիաընկերության օդաչուն մեկ շիշ օղի է խմել չվերթից առաջ, ինչից հետո քնով է անցել ինքնաթիռում: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն` միջադեպը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, սակայն դրա բոլոր մանրամասները հայտնի են դարձել վերջերս` դատական քննության ընթացքում:

Հայտնի է, որ Սլովակիայի քաղաքացի Միրոսլավ Գրոնիչը պետք է չվերթ իրականացներ կանադական Կալգարի քաղաքից մեքսիկական Կանկուն քաղաք, սակայն նա մեկ ժամով ուշացել է աշխատանքից:

Երբ տղամարդը եկել է աշխատանքի, գործընկերները նկատել են, որ տղամարդը երերում է և ոչ հստակ է արտաբերում բառերը: Արդյունքում երկրորդ օդաչուն հայտնել է Գրոնիչին, որ նա հարբած է և պետք է լքի ինքնաթիռը: Վերջինս համաձայնել է, սակայն գնացել է օդաչուների խցիկ, որտեղ և քնով է անցել:

Դրանից հետո 37-ամյա տղամարդը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին: Դատական լսումների ժամանակ Գրոնիչը խոստովանել է, որ հարբած է եղել օդաչուի պարտականություններն իրականացնելու ժամանակ:

Գրոնիչի պաշտպանը խնդրել է 3-6 ամիս ժամկետով ազատազրկում սահմանել մեղադրյալի համար: Դատախազը պահանջել է մեկ տարի ժամկետով ազատազրկում սահմանել` նշելով, որ Գրոնիչը կարող էր վտանգի ենթարկել 105 մարդու կյանք` ուղևորներին և չվերթի անձնակազմին:

Նշվում է, որ մեղադրյալի վճիռը կկայացվի ապրիլի 3-ին: