Էյֆելյան աշտարակի լույսերը մարվել են ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի

10:39 • 23.03.17

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի որոշմամբ՝ քաղաքի գլխավոր խորհրդանիշի՝ Էյֆելյան աշտարակի լույսերն անջատվել են ի հիշատակ երեկ Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին Իդալգոն հայտնել է իր թվիթերյան էջում:


«Որոշել եմ այսօր՝ կեսգիշերին, մարել Էյֆելյան աշտարակի լույսերն ի հիշատակ Լոնդոնի ահաբեկչության զոհերի»,-գրել է նա:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի՝ ներառյալ ահաբեկիչը: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը հասնում է մոտ 40-ի:


Հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք:


Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:


Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել նրա ինքնությունը, այժմ նրանք փորձում են գտնել հնարավոր հանցակիցներին:


Վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «զզվելի ու անբարոյական արարք»՝ ընդգծելով, որ այն չի կարող թուլացնել բրիտանական արժեքները: Նա նաև ասել է, որ երկրի խորհրդարանը հինգշաբթի կշարունակի իր բնականոն աշխատանքը: