Կնոջը չի հաջողվել անցնել Սպիտակ տան տարածք՝ կոշկաքուղերով ցանկապատին «շղթայվելու» պատճառով
ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի կնոջ, որը փորձել է անցնել Սպիտակ տան ցանկապատի վրայով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ երեկոյան, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն մեկ օր անց:
Գաղտնի ծառայության աշխատակիցների խոսքերով` իրենք նկատել են կնոջը, որը մագլցելիս է եղել ցանկապատի վրայով, սակայն նրա կոշկաքուղերը խճճվել են ցանկապատի մեջ: Կինը ձերբակալվել է ցանկապատի ներսի կողմում:
Նշվում է, որ ձերբակալվածը Վաշինգտոն նահանգի 38-ամյա բնակչուհի Մարսի Վալն է: Դատական լսումների ժամանակ նա հերքել է իր մեղքը: Այժմ նա ազատ է արձակվել մինչև ապրիլին կայանալիք դատական հաջորդ նիստը:










