«Իսլամական պետությունը» ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը

16:42 • 23.03.17

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է The Guardian-ը:


Խմբավորման քարոզչական «Ամաք» լրատվական գործակալությունը հայտնել է, որ հարձակման համար պատասխանատու է խմբավորումը: Հաղորդագրությունում հարձակումն իրականացնողն անվանվում է «Իսլամական պետության զինվոր»:


Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ներառյալ ահաբեկիչը: Նշենք, որ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ահաբեկչությունից հետո 7 մարդու է ձերբակալել Լոնդոնում, Բիրմինգհեմում և այլ քաղաքներում։ 


Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել նրա ինքնությունը, այժմ նրանք փորձում են գտնել հնարավոր հանցակիցներին: