Խարկովում ռազմամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. պատճառ է նշվում դիվերսիան (տեսանյութ)
Ուկրաինայի Խարկովի մարզում գտնվող ռազմամթերքի պահեստում տեղի ժամանակով 02:30-ին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Facebook-ի իր էջում Ուկրաինայի գլխավոր ռազմական դատախազ Անատոլի Մատիոսը հայտարարել է, որ նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է դիվերսիան, գրում է Интерфакс-Украина-ն:
Նա նշել է, որ այն տարածքում, որտեղ առաջացել է հրդեհը, պահվում էին 125 և 152 մմ տրամաչափի տանկային և հրետանու արկեր: 368 հեկտար տարածքում պահվում է 138 հազար տոննա ռազմամթերք:
Հաղորդվում է, որ կազմակերպվել է տեղի բնակչության տարհանում: Սահմանվել է անվտանգության 7-կիլոմետրանոց գոտի:
Դեպքի վայր է ժամանել շրջանի և իրավապահ մարմինների ղեկավարությունը: Պետական սահմանապահ ծառայությունը խստացրել է սահմանային հսկողության ռեժիմը հարավ-արևելյան ուղղությամբ:
Հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:










