Լոնդոնում ահաբեկչություն իրականացնող անձը բրիտանացի է եղել

18:36 • 23.03.17

Լոնդոնում ահաբեկչություն իրականացրած ահաբեկիչը բրիտանացի է եղել և գործել է միայնակ, ոստիկանությունը չունի տվյալներ նոր նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ահաբեկիչը գործել է միայնակ, ոստիկանությունը չի տիրապետում նոր հարձակումների նախապատրաստման մասին տվյալների… Նա (ահաբեկիչը) բրիտանացի է եղել»,- ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: 

Վարչապետի խոսքով՝ նախկինում նա հայտնվել է հակահետախուզության տեսադաշտում, սակայն այժմ նրա նկատմամբ չէր իրականացվում հսկողություն: 

Թերեզա Մեյը հայտարարել է նաև, որ Բրիտանիայի կառավարությունը առաջիկա տարիներին 2,5 միլիարդ ֆունտ սթերլինգ կտրամադրի ազգային անվտանգության և հետախուզության կատարելագործման համար: 

«Առաջիկա տարիներին մենք կներդնենք 2,5 միլիարդ հետախուզության և անվտանգության համակարգում»,- ասել է վարչապետը: 

Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 4 մարդ, ներառյալ ահաբեկիչը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո դանակով զինված փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ահաբեկչությունից հետո 7 մարդու է ձերբակալել Լոնդոնում, Բիրմինգհեմում և այլ քաղաքներում։  

Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել նրա ինքնությունը, այժմ նրանք փորձում են գտնել հնարավոր հանցակիցներին: