Գեղարքունիքում Նիկոլ Փաշինյանի մեքենան բախվել է դիմացից երթևեկող մեքենային. նոր մանրամասներ

16:23 • 23.03.17

Արտասովոր ոչինչ չկա, սովորական վթար է, որի հետևանքով «Ելք» դաշինքի անդամները չեն տուժել: Ամեն ինչ նորմալ է։  

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզում «Ելք» դաշինքի տարածքային թեկնածու Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով իրենց մարզում «Ելք» դաշինքի մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ին։

Նա նշեց, որ մեքենայում եղել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և «Ելք» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Սարգսյանը։  

Սանոսյանը հայտնեց, որ վթարը տեղի է ունեցել Մարտունիից դեպի Վարդենիս տանող ճանապարհին՝ Ծովինար գյուղի մոտ:

«Ելք»-ի խոսնակ Անի Սամսոնյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի մեքենան բախվել է դիմացից երթևեկող մեքենային: Վթարի մասնակիցները դիմել են ապահովագրական ընկերության: Անի Սամսոնյանը հայտնեց, որ «Ելք» դաշինքի անդամները շարունակում են քարոզարշավը: