Թուրքիան կանչել է Նորվեգիայի դեսպանին՝ հեղաշրջման փորձի մասնակիցներին ապաստան տալու համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Նորվեգիայի դեսպանին այն պատճառով, որ երկիրը ապաստան է տրամադրել մարդկանց, ովքեր կասկածվում են թուրքական իշխանությունների դեմ անցյալ տարվա հուլիսին իրականացված հեղաշրջման փորձի մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախարարության ներկայացուցչին:
«Ցավալի է և անընդունելի, որ Նորվեգիան աջակցություն է ցուցաբերել անձանց, ովքեր հետաքննության մեջ են գտնվում Թուրքիայում: Հայրենիք վերադառնալու փոխարեն նրանք այժմ օգտվում են հյուրընկալող երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական բոլոր հնարավորություններից»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Նորվեգական իշխանություններն ավելի վաղ հաստատել էին չորս թուրք զինվորներին ապաստան տալու իրենց որոշումը, ովքեր Նորվեգիա էին ժամանել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսին մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում տեղի ունեցած խոշոր բախումների հետևանքով մահացել էր 246 հոգի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել էր:










