Կիևում ՌԴ պետդումայի նախկին պատգամավորի սպանության վայրում արված տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)

15:52 • 23.03.17

Ուկրաինական «Էսպրեսսո» հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության վայրից:


Ինչպես երևում է տեսանյութում՝  ոստիկանները շրջափակել են դեպքի վայրը: Գետնին տեսանելի են արյան հետքեր և կրակված փամփուշտների պարկուճներ:


Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Կիևի ոստիկանությունը ձերբակալել է Վորոնենկովի սպանության համար կասկածվող անձին։


«Մարդասպանը հսկողության տակ է, նրան առաջին բուժօգնություն է տրամադրվում»,-հայտնել է Կիևի ոստիկանապետ Անդրեյ Կրիշչենկոն, որն ավելի վաղ նշել էր, որ սպանությունը կարող է պատվիրված լինել:


Նշվում է, որ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը հայտարարել է, որ սպանվածը գալիս էր իր հետ հանդիպման:


Ըստ աղբյուրի՝ Վորոնենկովը սպանության պահին եղել է թիկնապահի հետ, որը հասցրել է վիրավորել կրակողին:


Կիևի ոստիկանապետը տեղեկացրել է, որ սպանվածից բացի՝ կա 2 վիրավոր: Տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ զոհվել է նաև նախկին պատգամավորի թիկնապահը:


Ականատեսների պատմելով՝ դեպքի վայրում հնչել է 7 կրակոց:

 
Lenta.ru-ն հավելում է, որ Վորոնենկովը, քաղաքացիություն ստանալով, անցած տարվա վերջին կնոջ հետ մշտական բնակություն է հաստատել Ուկրաինայում: Ռուսաստանում նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հայտնի է, որ նախկին պատգամավորը մեղադրվում էր խոշոր ընկերության շենքի յուրացման համար: